15/09/2018 15:54
«Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է
Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է: Ուղիղ երկու տարի սեպտեմբերի 15-ին առաջ այն սկսեց գործունեություն ծավալել Հայաստանի գրողների միության շենքում՝ մեկտեղելով դերասանի սիրված ներկայացումներն ու բազում պրեմիերաներ: Նարեկ Դուրյանի երազանքը դարձավ իրականություն. սեփական դահլիճ, ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկա, հրաշալի անձնակազմ, որոնք ամբողջացնում են թատրոնն իրենց գոյությամբ:
Թատրոնի ծննդյան օրը դերասանները կնշեն «Մենք ենք, մեր ստերը» ներկայացմամբ: Սեպտեմբերի 22-ին էլ կցուցադրվի մանկական ներկայացում՝ «Տիկնիկների խանութ»-ը: Իսկ վերջերս թատրոնի բեմում ներկայացված «Օրագիրը», որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, այս թատերաշրջանում երկու վերջին ներկայացմամբ կցուցադրվի սեպտեմբերի 19-ին և 25-ին:
Ի դեպ, լրանում է Նարեկ Դուրյանի սիրված դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացման 10-ամյակը, ինչի առթիվ այն ևս կներկայացվի «Բոհեմ» թատրոնում: Առաջիկայում «Բոհեմ»-ը հանդես կգա նաև բազում պրեմիերաներով: