17/09/2018 19:34
Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Երեխայի լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար, այսօր քարոզարշավին հայտարարեց Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մտածում են, թե լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ոնց անենք, մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել», - հայտարարեց Արամ Սարգսյանը։
Խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Արամ Սարգսյանը շարունակեց.
«Ես խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվել, ինքը հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք, հերիք է։ Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, որի դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ։ Էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին, «Դաշնակցությունն» ու մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու բան է, Le Monde-ին ասում եք, թե երբ վարչապետ էի գալիս, 4 ձայնի ակնկալիք ունեի, այդ 4-ից մեկն էլ իմ ձայնն էր»։
Դարձյալ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Արամ Սարգսյանը հայտարարեց.
«Կարծում եմ՝ հաստատ մտածել եք, որ այդ 4 ձայնից մեկն էլ իմն էր, պարոն վարչապետ։ Ո՞նց կարելի է նեղացնել Ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը միայն նրանում չի, թե ով է Ձեզ հետ քայլել։ Մտածեք, թե ոնց եք անելու արթահերթ ընտրությունների գնալու ժամանակ: Ու էն մարդիկ, ովքեր Ձեզ օգնել են, կարող է էլ չօգնեն»: