17/09/2018 14:25
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ին, Երևանում հեղափոխությունը կավարտվի. Արմեն Բադալյան
Քաղաքագետ, ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի վերլուծությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 12 ուժերից երկուսը՝ «Իմ քայլը» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ֆավորիտներ են հանդիսանում։
Այս ուժերը, ըստ Արմեն Բադալյանի, պայքարում են հաղթելու համար.
«Կան ուժեր, որոնք պայքարում են 3-րդ տեղի համար և Երևանի ավագանիում զգալի ներկայություն ունենալու համար։ Կան ուժեր, որոնք պայքարում են, որպեսզի պարզապես իրենց ներկայացնեն, և կան ուժեր, որոնք մասնակցում են քարոզարշավին, որպեսզի իրենց մասին հիշեցնեն։ Տարբեր ուժեր տարբեր խնդիրներ են լուծում»։
Aysor.am-ի զրուցակցի խոսքով՝ ֆավորիտներից մեկի համար ընդունելի բովանդակություն է սև-սպիտակ հեղափոխություն-հակահեղափոխությունը, որը բխում է իրենց նախընտրական քարոզարշավի էությունից, մյուս ուժն էլ առավել շատ իր քարոզարշավի հիմքում դնում է հանուն Երևանի կառուցման և Երևանի ապագայի բովանդակությունը։
«Քարոզարշավի ընթացքում տեսանք նաև այն հայտնի կոմպրոմատը (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը), որը 2-3 օրով լրատվական դաշտի ուշադրությունը շեղեց քարոզարշավից, բայց այն հասարակության վրա որևէ ազդեցություն չթողեց և չի կարող ազդել սպասվող արդյունքների վրա», - ասաց Արմեն Բադալյանը։
Նա նաև նշեց, որ շատ աղքատիկ քարոզարշավ է իրականացվում.
«Շատ ճիշտ տեխնոլոգիաներ են օգտագործվում։ Կան ուժեր, որ շատ ավելի մեծ պոտենցիալ ունեին, բայց այդպես էլ չկարողացան այն ներկայացնել»։
Ինչ վերաբերում է ընտրարշավին մասնակցող ուժերի թեկնածուների միջև բանավեճերի բացակայությանը, Արմեն Բադալյանն ասաց, թե ընտրողն, իհարկե, կուզենար բանավեճեր տեսնել, սակայն Հայաստանում ընդունված չէ երկխոսությունը։
«Հազվադեպ դեպքեր են եղել, երբ թեկնածուները երկխոսության են մասնակցել։ Շատ թեկնածուների տարբեր պատճառներով դա ձեռնտու չէ»։
Ընտրական տեխնոլոգիաների մասնագետն անդրադարձավ նաև նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կոչին, որով վերջինս «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին բանավեճի էր հրավիրում։
«Ժողովրդավարական, նորմալ պայմաններում սա կթուլացներ «Իմ քայլ»-ի թեկնածուին, բայց ոչ Հայաստանում։ Հասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ոչ թե թեկնածու է, որը գնում է քաղաապետ դառնալու, այլ նա քաղաքապետ կարող է դառնալ միայն վարչապետի հեղինակության շնորհիվ, և հասկանալի է, որ քվեարկությունը լինելու ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, այլ՝ վարչապետի։ Դրա համար իրեն ուղղակի ձեռնտու չէ բանավեճի մասնակցելը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում էլ կուսակցության ղեկավարի գործոնը դերակատարություն ունի, բայց ոչ այնքան, որքան՝ «Իմ քայլի» դեպքում», - նշեց մասնագետը։
Արմեն Բադալյանի բնութագրմամբ, քարոզարշավին «տրաֆարետ» շատ հարցեր են քննարկվում։
«Հիմնականում՝ աղբահանության և վերելակների։ Տպավորություն է, որ սեպտեմբերի 23-ին ոչ թե քաղաքապետ, այլ ընդամենը Երևանի գլխավոր հավաքարար ենք ընտրելու, կամ լիֆտյորի, որ պետք է լիֆտեր սարքեն, կամ էլ՝ տրանսպորտի մենեջերի։ Սա է նրանց հիմնական թերությունը։ Նրանք ընդամենը խնդիրներ են ներկայացնում, բայց ընդհանուր Երևանի տնտեսական կառավարման հայեցակարգն այդպես էլ չտեսանք։ Միջակ քարոզարշավ է տեղի ունենում», - ասաց նա:
Արմեն Բադալյանը նշեց նաև, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 20։00-ին, երբ կփակվեն ընտրատեղամասերը, այդ պահին Երևանում հեղափոխությունը կավարտվի։
«Երևանում արդեն կլինի իշխանություն և ընդդիմություն։ Այս ընտրությունների հաջորդ արդյունքը կլինի այն, որ սեպտեմբերի 23-ից հետո քաղաքական դաշտ մուտք կգործեն մի քանի տասնյակ նոր դեմքեր, որն էական թարմացում կբերի քաղաքական դաշտին»։