17/09/2018 14:31
Դատապարտելի է և անընդունելի, երբ ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ. ՀՀ ԱԳ նախարար (տեսանյութ)
Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ, Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանում սպասվող զորավարժությունների մասին, մանավանդ, որ պոտենցիալ թշնամին, ըստ Ադրբեջանի, լինելու է Հայաստանը։
«Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է»,-ասել է նա։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է՝ հստակ նշել են, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա երկու երկրների նպատակը չէ:
«Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»,-ասել է Զ. Մնացականյանը։
Հարցին՝ հստակեցվել են արդյոք իր ու ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման մանրամանսերը, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ իրենք հավատարիմ են մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն:
«Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին»,-հավելել է Զոհրաբ Մնացականյանը։