17/09/2018 12:33
Արցախի հարցում այժմ կարևորագույն խնդիրը անվտանգության և կարգավիճակի ապահովումն է. Զոհրաբ Մնացականյան
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում, հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից։
Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:
Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցում այժմ կարևորագույն խնդիրը անվտանգության և կարգավիճակի ապահովումն է:
Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: