17/09/2018 13:40
«Արև, սարեր և սեր». Միքայել Պողոսյանի նոր կատակերգական ֆիլմին Մշակույթի նախարարությունը մերժել է աջակցել
ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ Միքայել Պողոսյանն օրերս ձեռնամուխ է եղել իր հերթական ֆիլմի ստեղծմանը: «Արև, սարեր և սեր» կոչվող կատակերգական ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Հայաստանի ամենագողտրիկ վայրերից մեկում՝ Ենոքավանում:
Սցենարի հեղինակն ու ֆիլմի գլխավոր հերոսը Միքայել Պողոսյանն է, ով կերպարանավորելու է Ենոքավանում բնակվող նկարիչ Զատիկին, հերոսուհին՝ ռուս դերասանուհի Ելենա Պոլյանսկայան: Ռեժիսորներն են Միքայել Պողոսյանն ու Գարիկ Մաշկարյանը, օպերատորն է Ռուբեն Գասպարյանը: Ֆիլմի երկրորդ ռեժիսորները Սանկտ Պետերբուրգից են, որոնց հետ հայ ռեժիսորն աշխատել է նաև իր նախորդ՝ «Լորիկ» ֆիլմի շրջանակներում:
Ֆիլմում նկարահանվել են նաև բալետի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը, Տիգրան Գյուլումյանը և այլք:
Մ. Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ իր գրեթե բոլոր ֆիլմերում առկա են նաև ռուս արտիստներ: Դա փոխշահավետությա՞ն, թե՞ նախասիրության խնդիր է:
«Նախ, ռուսական կինոընկերությունները գոնե ինձ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում, ինչն ինձ դրդում է նրանց հետ աշխատելուն: Այնպես որ սա միայն նախասիրության խնդիր չի, այլ նաև փոխշահավետության: Հայաստանում այսօր առանց աջակցության կինո նկարահանելն անհնար է, այլ հարց է, թե համապատասխան գերատեսչությունն ի՞նչ չափանիշներով է որոշում՝ արժանի՞ է քո ֆիլմը աջակցության, թե՞ ոչ», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց նա:
Ֆիլմի ֆինանսական ծախսերը քիչ չեն, հատկապես, որ շուրջ 50 հոգուց բաղկացած ստեղծագործական խմբին վարձատրելուց զատ պետք է ապահովել նաև գիշերելու տեղով ու սնունդով: Դիտարկմանն՝ արդյոք Մշակույթի նախարարությունը որևէ աջակցություն ցուցաբերել է նախագծին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ոչ, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, չես հասկանում, թե ովքեր են այդ հանձնաժողովում գտնվում ու որոշումներ կայացնելիս՝ ինչ սկզբունքներով առաջնորդվում: 5 կանայք, որոնցից մի քանիսը կինոոլորտի հետ որևէ առնչություն չունեն, որոշեցին, թե նախարարությունը որ ֆիլմերին պետք է ֆինանսապես աջակցի: Ու այդ ցանկում, առանց հիմնավորման, մենք չկայինք: Ես դեմ չեմ այդ ֆիլմերին, բայց այն փաթեթը, որը ես էի ներկայացրել, լիովին համապատասխանում էր պահանջներին: Իրենք շատ լավ գիտեին, որ ես ոչ միայն նախապատրաստական աշխատանքներն եմ արել, այլ նաև ստիպված եմ եղել նկարահանումները սկսել, քանի որ եղանակի խնդիր կար: Հույս ունեի, որ նկարահանումներն ավարտին կհասցնեմ նախարարության աջակցությամբ: Բայց ընդամենը մի քանի օր առաջ տեղեկացա, որ փաթեթը մերժվել է: Ու ես հիմա, այսպես ասած, պարտքերի մեջ եմ խրվել: Պետք է գումար հայթայթեմ, որ ֆիլմն ավարտեմ: Գիտեք, տպավորություն է, որ մեր երկրում մշակույթը զրոյացվել է, ու հենց այդ հարթությունից սկսել են աճեցնել ոլորտի այսօրվա «մշակներին»: Այսպես ասած՝ հներս մնացինք անցյալում ու էլ կարևոր չենք, հիմա այսօրն են կերտում: Աստված իրենց հետ, մենք թեկուզև մեծ դժվարություններով, բայց արդեն նկարահանումների 70-80 տոկոսն իրականացրել ենք: Ես անգործ չեմ կարողանում նստել, չեմ տրտնջում, չեմ նվնվում: Միայն ես գիտեմ, թե ինչ ֆինանսական դժվարություններ եմ հաղթահարում», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Միքայել Պողոսյանը չի թաքցնում՝ Մշակույթի նախարարություն ներկայացրած փաթեթում կոնկրետ թիվ էր նշված՝ 30 միլիոն դրամ, որը ծածկելու էր միայն ստեղծագործական խմբի հոնորարները:
«Անհրաժետ գումարի որոշակի հատված ես արդեն հայթայթել էի: Բայց հիմա ամեն ինչ խառնվեց, պետք է մտածեմ նաև հետարտադրական աշխատանքների մասին: Հավատացեք, երբ ամեն ինչ ինքդ ես անում, ապա այդ ծախսերը երբեք չեն արդարացվում: Տուժողի կարգավիճակից մի կերպ խուսափում ես, եթե պետական աջակցություն ու մասնավոր աջակիցներ են լինում կողքիդ: Եթե քո ֆիլմերը միջազգային շուկան ընդունում է, փառատոնների ես մասնակցում ու մրցանակներ բերում, հանդիսատեսն էլ հետաքրքրված է լինում, ուրեմն դա պետք է նաև պետականորեն գնահատվի», - նկատեց ռեժիսորը:
«Արև, սարեր և սեր»-ի հայաստանյան նկարահանումները սկսվել են շուրջ 20 օր առաջ, կավարտվեն սեպտեմբերի 25-ին: Եվս եռօրյա նկարահանումներ կլինեն Մոսկվայում:
«Սովորաբար, իմ ծննդյան օրերին ես միշտ պրեմիերայով եմ հանդես գալիս՝ նվեր անելով թե՛ ինձ, թե՛ հանդիսատեսին: 2019-ն ինձ համար հոբելյանական տարի է, այդ տարի առավել ևս դատարկաձեռն չեմ լինի: Ֆիլմի պրեմիերան հենց այդ ժամանակ էլ կանենք», -Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով ու լավատեսորեն եզրափակեց Միքայել Պողոսյանը: