17/09/2018 12:53
Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությանը մասնակցել են 42 թիմ ՀՀ բոլոր մարզերից
Սեպտեմբերի 16-ին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի է ունեցել Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել են արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են և հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Նրանք ռոբոտներն ստեղծել են շուրջ երկու ամսում և փորձարկել են դրանք՝ մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հեքըթոնում:
«Այս մրցույթի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մասնակիցները ռոբոտների դետալների ու կցամասերի մեծ մասը պատրաստել են եռաչափ տպիչների ու շաղափային հաստոցի միջոցով: Ինքնուրույն են պատրաստել նաև տպասալիկները (պլատա), գրել մրցույթի պահանջների համապատասխան կոդը և այլն: Մենք չափազանց ոգևորված ենք, որ պատանի սերունդը ինժեներական միտքը զարգացնելով՝ իր սեփական լուծումներն է ստեղծում ու ինքնուրույն ստեղծագործում. նրանք մեր ապագան են, մեր ապագա հերոսները», - ասում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ռոբոտների 11-րդ առաջնության գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Բազմիցս շեշտել ենք, որ Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ այս պատանիները ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն, այլև հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու, հասկանալու իրենց ուժեղ և թույլ կողմերը, շտկելու թերությունները և դառնալու ապագայի մեծ բիզնեսների նորագույն սերունդը»:
Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշում է. «Նման մրցույթներն անփոխարինելի հարթակ են, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց կարողությունները ռոբոտաշինության ասպարեզում և ձեռք են բերում այդքան անհրաժեշտ վստահությունը սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Հատկապես Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների համար այդ ինքնավստահությունն ու ոգևորությունն ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի նրանք շարունակեն սովորել և պայքարել լավագույն ապագայի և կյանքի համար»:
42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը (ArtElektro), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Հրաչյա Մակարյանը (ՓՈՒԼ), Հրանտ Խաչատրյանը (Սայմոտեկ), Հրաչ Խաչատրյանը (Սայմոտեկ), Աթանես Խաչատրյանը (Ինստիգեյթ Ռոբոտիքս) և Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):
Ժյուրիի անդամները, ամփոփելով արդյունքները, ընտրել են լավագույններին: Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝ Սևանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:
Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգևի է արժանացել Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:
Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգևատրվել են նաև բջջային հեռախոսներով:
Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԱՏՁՄ-ի կողմից: