18/09/2018 14:30
Խուզարկությունը փորձ է լռեցնել լրատվամիջոցին. Խմբագիրը մանրամասնում է, որ իրավապահները խմբագրությունում գաղտնալսող սարքեր են փնտրել (Տեսանյութ)
«Yerevan Today»-ում սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկության հիմքը եղել է համացանցում տարածված տեղեկությունը, թե իբր ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված զրույցի ձայնագրությունը դրա տարածումից երկու օր անց առաջինը հրապարակվել է մեր կայքում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ ներկայացնելով երեկ խմբագրությունում կատարված խուզարկությունից մանրամասներ։
Հակոբյանը հստակեցրեց, որ Google որոնողական համակարգը այդ օրերին ժամային տեղեկատվությունը սխալ է ցույց տվել, ինչը փաստել են նաև տեղեկատվական անվտանգության փորձագետները։
«Այդ ամենի մասին եղել է հայտարարություն լրատվամիջոցի կողմից, բայց իրավապահ մարմինները ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին, նպատակը, երևի, այլ էր։ Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր հայտնաբերել նաև gաղտնալսող սարքեր և այլ նյութեր` այդ ձայնագրության հետ կապված։ Մեր տպավորությամբ` սա փորձ է լռեցնել լրատվամիջոցին, որը քննադատում է մեր երկրում առկա մերժելի երևույթները», - հայտարարեց «Yerevan Today»-ի գլխավոր խմբագիրը։
Նրա խոսքով` կատարվածը միտված է «դաս տալ քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին»։ Հակոբյանն ասաց, որ երկրում իրավապահ համակարգը շարժվում է «ֆեյքերի ու ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի տրամաբանությամբ»։
Խմբագրությունը պատրաստվում է դիմել հայաստանյան ու միջազգային մամուլի ազատությամբ զբաղվող կազմակերպություններին։
Մինչ խուզարկությունը, խմբագիրը տեղեկացրեց, որ նախորդ օրը լրատվամիջոցի համակարգի սերվերների վրա եղել է DDos հարձակում և փորձ է արվել կայքում նյութեր տեղադրել։
Սևակ Հակոբյանն ասաց, որ այս փուլում իրենք հայտնվել են հակահեղափոխականների շարքում և հավելեց. «Այս ամենով իրենք մի որս են կուլ տվել, որ մարսողական համակարգի խնդիրներ կունենան»։