18/09/2018 20:29
Առաջնագծում իրավիճակը կայուն լարված է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել Արցախ կատարած այցից
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության նախարարի և Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում տեղեկացրել է հենց վարչապետը:
Նա տեղեկացրել է, որ առաջնագծում աշխատանքային քննարկում են ունեցել, հանդիպել է հետաքրքիր մարդկանց հետ:
Վարչապետը պատմել է, որ շարքային պայմանագրային զինծառայողի հետ է ծանոթացել, որն ունի յոթ երեխա:
«Պատկերացնո՞ւմ եք՝ յոթ երեխա ունենալով՝ ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա իրականացնում էր մարտական հերթապահություն: Մի սպա էլ 6 երեխա ուներ, որը նույնպես այդ պայմաններում մարտական հերթապահություն էր իրականացնում», - նշեց վարչապետը՝ նկատելով, որ այս ամենն ասում է ընդգծելու հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած բացառիկ հավատը:
Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, Փաշինյանը տեղեկացրել է, որ թեպետ ընդհանուր առմամբ իրավիճակը լարված է, բայց կարելի է ասել՝ «կայուն լարված է»:
«Համենայնդեպս Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Մենք նաև Արցախի նախագահի ու Զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակը: Քննարկեցինք դիրքորոշումներն այդ հարցի առնչությամբ, նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք: Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտը պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին», - հայտարարել է Փաշինյանը:
Այդուհանդերձ, վարչապետն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում: Հակառակը, նրա խոսքով, խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:
«Արցախի նախագահը ևս ասաց, որ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Բայց նաև պետք է ասել, որ մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է: Կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է հստակ լինի բոլորին: Մեր այս վստահությունը հիմված է մեր զինված ուժերի ու ժողովրդի վստահության վրա», - նշել է Փաշինյանը: