18/09/2018 09:00
Նվազագույն կեսաթոշակի չափը ոչ թե բարձրանում է, այլ դառնում է միասնական, այսինքն՝ 25 հազար դրամից պակաս թոշակ ստացող չի լինի. Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հստակեցնում է, որ հանրային քննարկման դրված նախագիծը նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացնելու մասին չէ միայն, այլ՝ նվազագույն միասնական կենսաթոշակի չափ սահմանելու։
Նշենք, որ օրերս վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, թե Հայաստանում «նվազագույն կեսնաթոշակի չափը 60 տոկոսով ավելանում է»։ Իսկ նախարար Թանդիլյանը նշում է, որ դրույքաչափերի փոփոխություն է կատարվում և հաշվարկ արվում է նոր մեթոդներով։
«Խոսքը պարզապես նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին չէ։ Կա բազային կենսաթոշակ և նվազագույն կենսաթոշակի սահմանում։ Երբ մենք ասում ենք, որ նվազագույն կենսաթոշակ պետք է սահմանենք, պետք է պարզ լինի, որ մեր երկրում չի լինելու քաղաքացի, ով կստանա որոշակի սահմանչափից ցածր թոշակ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։
Նրա ներկայացմամբ, եթե անձի թոշակը գոյություն ունեցող հաշվարկի մեխանիզմով ավելին է, քան 25.500 դրամը, հետևաբար ինքը կշարունակի ստանալ իրեն հասանելիք գումարը։
«Մենք նախատեսում ենք, որ պարենային աղքատության զամբյուղի շեմից ցածր ստացող քաղաքացի չլինի, ինչպիսիք այսօր կան։ Մենք այնպես ենք անում, որ 2019-ի հունվարի 1-ից 25 500 դրամից ցածր ստացող թոշակառու այլևս չլինի», - մեզ հետ զրույցում ասաց նախարարը։
Հարցին, թե ինչի՞ հաշվին է կատարվում այս փոփոխությունը՝ հաշվի առնելով այն, որ նախորդ կառավարությունը նման քայլի չէր գնում՝ պատճառաբանելով բյուջեում գումարների սուղ լինելը, Թանդիլյանը պատասխանեց. «Ամեն տարի ամեն դեպքում բյուջեն ավելացում ունի և դա կապ ունի առաջնահերթությունների հետ, թե ինչ քաղաքականություն ես վարում։ Բնական է, որ բաշխումներն են տեղի ունենում բյուջեի քննարկման արդյունքում։ Մենք կառավարությունում ունենք այդ որոշումը և մենք հնարավոր չենք համարում, որ մեր երկրում թոշակառուն պարենային նվազագույն ապահովում չկարողանա իրականացնել, հետևաբար առաջնահերթություններից ելնելով, բաշխումներ ենք իրականացրել, որ որոշակի հատկացումների արդյունքում այնպիսի մոդել մշակենք, որ մեզ հնարավորություն կտա իրականացնել այդ քայլը»։
Պետական բյուջեի վրա, ըստ Թանդիլյանի, այս փոփոխությունը արժենալու է 6 մլրդից ավելի դրամ գումար, ինչը հատկացվելու է բյուջեի ավելացումների հաշվին։
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այս որոշման դաշտում հայտնված թոշակառուները, ովքեր նաև նպաստառու են, զրկվեն նպաստից, նախարարը պատասխանեց. «Դա, իսկապես, մտահոգություն է։ Մենք քննարկում ենք ու մեր ուշադրության կենտրոնում է այդ դրույթը։ Մենք պետք է այնպիսի լուծում առաջարկենք, որպեսզի որևէ մեկը չզրկվի որևէ գումարից միայն այն պատճառով, որ մենք վերանայել ենք նվազագույն կենսաթոշակը»։
Նախարարն ասաց, որ առայժմ չի կարող հստակ ասել, թե ինչ մեխանիզմներով ու ինչ ճանապարհով է դա արվելու, սակայն վստահեցրեց, որ նպաստ ստացող թոշակառուները հունվարի 1-ից սպասվող փոփոխության արդյունքում չեն զրկվի նպաստից։