18/09/2018 18:31
Ներկայացման ընթացքում երեք անգամ արտասվել եմ. Պարգև սրբազանն առաջարկում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ֆիլմի վերածել ու ցուցադրել աշխարհին
Սեպտեմբերի 16-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, տեղի ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրած «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան:
Արցախյան հանդիսատեսն առավել էմոցիոնալ ընդունեց Ապրիլյան պատերազմի մասին պատմող բեմադրությունը: Հանդիսատեսի շարքերում ոչ միայն սովորական արցախցիներն էին, այլ նաև Արցախի սահմանը պաշտպանող զինվորները, որոնցից շատերի կյանքում 2016-ի ապրիլը, ցավոք, շոշափելի է եղել:
Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հրապարակած լուսանկարը ցնցել է բոլորին. հրամանատարը գրկել է արտասվող զինվորին՝ Արման Օրդուբեկյանին, ում եղբայրը՝ Արայիկ Օրդուբեկյանը, փաստորեն, Քառօրյա պատերազմի զոհերից է: Պրեմիերայի օրը դահլիճում է եղել նաև Օրդուբեկյանների հայրը:
Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ թե՛ ինքը, թե՛ արցախյան հանդիսատեսը շատ են հավանել ներկայացումը, որում անթերի էր և՛ սցենարը, և՛ բեմադրությունը, և՛ դերասանական խաղը:
«Պետք է անկեղծ ասեմ, որ ներկայացման ընթացքում երեք անգամ արտասվել եմ, այնքան հուզվեցի, որ արցունքները զսպել հնարավոր չէր: Շատ ուժեղ, հզոր, արդիական բեմադրություն էր: Ես դիմել եմ, որ գոնե 3 զորամասերում անպայման խաղան «Հարսանիք թիկունքում»-ը», - խոստովանեց սրբազանը:
Թեմի առաջնորդը նաև առաջարկով է հանդես եկել՝ ներկայացումը վերածել ֆիլմի:
«Շատ լավ կլինի, որ այս ներկայացման հիման վրա մի որևէ խելացի, լավ հայ ռեժիսոր գեղարվեստական ֆիլմ նկարահանի, որն առավել լայն շրջանակներին հասանելի կլինի: Ու ցանկալի է, որ այդ ֆիլմը ոչ միայն հայ հանդիսատեսին ներկայացվի, այլև՝ աշխարհի տարբեր ծայրերում ու տարբեր ազգերի համար ցուցադրվի: Սա համաժողովրդական թեմա է, անկախ ազգությունից՝ բոլորին կհետաքրքրի», - նկատեց մեր զրուցակիցը:
Առաջին անգամ է, որ թատերական որևէ հաստատություն Արցախում 4 օրյա (սեպտեմբերի 16, 17, 18, 19) հյուրախաղերով է հանդես գալիս: Պատճառը հանդիսատեսի պահանջն է:
Հատկանշական է, որ ինչպես Գյումրիի և Երևանի ներկայացումների ժամանակ, այս դեպքում ևս տոմսերը սպառվել են դեռևս օրեր առաջ: