18/09/2018 09:48
«Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` այս օրերին մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց:
«Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել և այլ հարցեր:
Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա: Իսկ ինքը՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»,- գրում է թերթը: