18/09/2018 12:53
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են. Արարատ Զուրաբյան (Տեսանյութ)
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ ընտրությունները ոչ թե քաղաքականցված են, այլ՝ հիստերիկացված:
«Երբ մարդիկ հնչեցնում են մեղադրանքներ միմյանց նկատմամբ, դա քաղաքական հարթակի խնդիր չէ, դա այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրդավարություններին, որոնցից մեկն էլ Հայաստանի հանրապետության ժողովրդավարությունն է: Տա Աստված՝ այն կայանա և զարգանա», - լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Նա ընդգծեց, որ այսօր քարոզարշավի շրջանակներում ոչ թե Երևանի խնդիրներն են քննարկման առարկա, այլ բարձր ձայնի ու նյարդային մթնոլորտի մեջ փորձ է կատարվում ինչ-որ բան փնտրել, գտնել և մեղադրանքներ հնչեցնել:
«Ես ինքս ունեմ շատ բարձր ձայն, որը չեմ փորձում օգտագոծել, որովհետև չեմ գտնում, որ դրա կարիքը կա: Կարծում եմ՝ հարցը վերաբերում է Երևան քաղաքին, կոչ եմ անում բոլոին զբաղվել Երևանի խնդիրներով», - հավելեց քաղաքապետի թեկնածուն:
Վերջին օրերին քարոզարշավի ընթացում «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ են առաջացել: Քաղաքական ուժերը միմյանց մեղադրում են նախկին իշխանությունների հետ կապ ունեցողներին իրենց նախընտրական ցուցակում ընդգրկելու մեջ: