18/09/2018 15:40
Լիլիթ Մակունցը խուսափեց նշել Վիգեն Սարգսյանի անունը ԱՄՆ-ում «Armenia!» ցուցահանդեսի նախաձեռնողների շարքում (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսում, խոսելով Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում նախապատրաստվող «Armenia» ցուցահանդեսի կազմակերպիչների ու հովանավորների մասին, նկատեց, որ բացառիկ այս ցուցահանդեսի նախաձեռնողը եղել է Վիգեն Սարգսյանը:
«Անպայման կուզենայի ընդգծել, որ այս ցուցադրության նախաձեռնությունը չորս տարի առաջ եղել է ՀՀ այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կողմից, ով վարել է ամբողջ բանակցություններն այն ժամանակվանից։ Կուզենայի իր անունն էլ այստեղ հնչեր, որ խղճիս առջև մեղանչած չլինեի։ Կարողացել ենք կոորդինացնել Միացյալ Նահանգներում մեր համայնքային բոլոր անհատներին և հիմնադրամներին, ովքեր իրենց նպաստն են բերել։ Այս առումով նաև ԱՄՆ Արևելյան հայոց թեմի մասնակցությունն է շատ մեծ, պետք է նաև իրենց երախտագիտություն հայտնենք, որ այդ առումով մեծ լումա ունեն ներդրած», - մանրամասնեց նա:
Մշակույթի նախարարին ուղղված լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն նախաձեռնողը եղել է Վիգեն Սարգսյա՞նը, Լ. Մակունցը միայն պատասխանեց.
«Ես մանրամասն ակունքներին չեմ տիրապետում, եթե Տեր Ասողիկն այդպես է նշում, ուրեմն գիտի»:
Նախարարը խուսափեց անուններ նշել, սակայն ընդգծեց, որ նախաձեռնությանն աջակցություն ու հետևողականություն են ցուցաբերել 10-ից ավելի հիմնադրամներ՝ նպաստելով, որ այն իրականություն դառնա:
Aysor.am-ի հետ թեմայի շուրջ առանձնազրույցում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը մանրամասնեց, որ Վիգեն Սարգսյանն անձամբ է բանակցություն վարել Հելեն Էվանսի ու «Մետրոպոլիտեն»-ի տնօրինության հետ՝ կարողանալով նման մասշտաբային ցուցահանդես կազմակերպելու համաձայնություն ձեռք բերել աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում:
«Դրանք 4 լարված տարիներ էին, քանի որ տարբեր տերմինների համաձայնեցման, հատկապես Արևմտյան Հայաստանի տեղանունների հետ կապված խնդիրներ կային: Մենք պնդել ենք, որ պահպանվեն մեր բնիկ հայրենիքի տեղանունները, ներկայացնենք ոչ թե բաժանյալ, այս կամ այն իշխանության ներքոգրյալ Հայաստան, այլ՝ պատմական Հայաստան: Չափազանց կարևոր է, որ հենց «Մետրոպոլիտեն»-ի նախաձեռնությամբ ներկայացվում է քրիստոնյա Հայաստանը», - նշեց նա:
Մեր հարցին՝ տեղյա՞կ է, արդյոք ցուցահանդեսի մեկնարկին Վիգեն Սարգսյանը ևս հրավիրվա՞ծ է, թե՞ ոչ, Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրենը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ թե՛ թանգարանի տնօրինության, թե՛ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից հրավերներ, բնականաբար, կուղղվեն»:
Համաձայն «Մետրոպոլիտեն» թանգարանի հաղորդագրության, ցուցահանդեսը գլխավորապես ֆինանսավորվել է «Հակոբ Գևորգյան հիմնադրամը» (ԱՄՆ), հավելյալ օժանդակություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեիլ հիմադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գիորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր և Աննա Հովհանյանների հիմադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյան ընտանիքը, Արվեստների Ռադըք հիմնադրամը, Քուլհանջյան ընտանիքը և Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը և ԱՄՆ Արվեստների ազգային հիմադրամը։