18/09/2018 13:35
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը
Ս. թ. սեպտեմբերի 19-ին, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:
Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս – 1928 թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի հետ, որը, կարծես, Երևանից մեկնելուց առաջ արդեն լրիվ բացահայտվել էր, և նա զգում էր գեղանկարչության իր դիտարկումներում նորի անհրաժեշտությունը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա շարունակում էր գտնվել հարազատ բնության տպավորությունների ներքո:
Ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում: