19/09/2018 15:55
ԱԱԾ տնօրենի և վարչապետի կողմից միջամտության մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ սկանդալային ձայնագրությունից պարզ է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կամ միջամտություն չի եղել։ Հակառակը, նա պնդում է, որ նշված երկու պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել։
«Շատ կարևոր է, թե ինչ գործի ու ինչ անձանց մասին է խոսքը. և Յուրի Խաչատուրովը, և Ռոբերտ Քոչարյանը չափազանց մեծ կարևորություն ունեն, հետևաբար դա հանգեցնում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական քննարկման հնարավորության։ Ձայնագրության առերևույթ լսումը հանգեցնում է հետևյալ եզրակացության՝ ԱԱԾ պետը հետաքրքրվում է այդ գործի հիմնավորվածության և օրինականության փաստով։ Իմ կարծիքով, միջամտության մասին խոսք չկա։ Այլ խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ այսինչը կամ այնինչը կալանավորվի ու կալանքից բաց թողնվի։ Այսինքն՝ ես այստեղ առերևույթ միջամտության տարրեր չեմ տեսնում։ Նույնը կարելի է ասել վարչապետի մասով», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը։
Դիտարկմանը, թե ձայնագրության մեջ նշվում է՝ դատավորը զանգել է ԱԱԾ տնօրենին, ինչից ենթադրվում է, որ դատական համակարգից կապ են պահպանել ԱԱԾ տնօրենի հետ, Կոստանյանը արձագանքեց՝ վկայակոչելով Վանեցյանի վերջին ասուլիսը, որտեղ վերջինը հայտարարել էր, որ ինքը դատավորին չի զանգել։
«Հաշվի առնելով, որ ԱԱԾ տնօրենի մտահոգությունը կարող է լինել գործով անցնող անձանց սպեցիֆիկ կարգավիճակ ունենալու հանգամանքով, ես կարծում եմ և համոզմունք ունեմ, որ խնդրին ներգրավվածությունը ԱԱԾ տնօրենի համար եղել է բացառապես այդ շրջանակներում, որովհետև նա ի պաշտոնե ոչ իրավասու է քննել կամ գնահատել ապացույցները, ոչ էլ իրավասու է գնահատել օրինականությունը։ Նա ընդամենը կարող է հավաստիանալ պատկան մարմնից տվյալ գործի օրինականության, հիմնավորվածության մեջ», - հավելեց Գևորգ Կոստանյանը։
Սակայն, ըստ պատգամավորի, խնդիրն այն է, որ գործով նախաքննություն իրականացնող մարմինը՝ այս դեպքում Հատուկ քննչական ծառայությունը, իրավունք չունի քրեական գործի վերաբերյալ մանրամասներ խոսել ԱԱԾ տնօրենի, այդ թվում՝ վարչապետի հետ։
«Ցանկացած պաշտոնատար անձ կփորձի զանգահարել ՀՔԾ պետին, խոսել նրա հետ կոնկրետ քրեական գործի հանգամանքների մասին։ Սակայն և ՀՔԾ պետը, և դատավորը իրավունք չունեն խոսել որևէ մեկի հետ քրեական գործի հանգամանքների մասին։ Միակ մարդը, ում հետ կարող են խոսել գործի կամ կալանքի հիմնավորվածության մասին, դա հսկող դատախազն է, իսկ ՀՔԾ պետի դեպքում՝ նաև գլխավոր դատախազը։ Այսինքն՝ միայն նրանց հետ կարող են քննարկել հիմնավո՞ր է գործել, թե՞ ոչ հիմնավոր», - նշեց Կոստանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում