19/09/2018 11:14
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan-today-ում կատարված խուզարկությունը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today տեղեկատվական կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը։ Կազմակերպությունը համարում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Yerevan.today կայքի խմբագրությունում Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել։ Խմբագիրը հայտարարել էր, որ խուզարկության արդյունքում խմբագրության աշխատանքը պարալիզացված է, իսկ կատարվածը լրատվամիջոցին լռեցնելու փորձ է։