19/09/2018 16:52
Եթե պարզվի, որ տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ քրեական գործով կարելի է սպասել արդարացումներ. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)
Ընդհանրապես քրեական գործերով ու, մասնավորապես, մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործերով ցանկացած միջամտություն կասկածի տակ է դնում դրա օբյեկտիվությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի հետևանքներին։
Նրա խոսքով՝ գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել քրեական գործի ճակատագրի համար։
«Եթե առերևույթ հիմքեր կան ենթադրելու, որ գործի քննությանը միջամտություններ են տեղի ունենում, ապա դա մեխանիկորեն ամբողջ քրեական գործի օբյեկտիվությունն է կասկածի տակ դնում։ Այլ հարց է, թե ում կողմից են միջամտություններ կատարվում և ինչպես, դա կքննարկվի հետո», - ասաց Գևորգ Կոստանյանը։
Պատգամավորը հստակեցրեց՝ եթե գաղտնալսված ձայնագրության քննությունից հետո պարզվի, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու փուլում տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ քրեական գործով կարելի է սպասել արդարացումներ։
«Եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ հնարավոր է՝ այս քրեական գործերի նախաքննության փուլում տեղի է ունեցել միջամտություններ, ապա դա մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ քրեական գործի օբյեկտիվությանը։ Հետևաբար վտանգ կա, որ ամենաապացուցված լինելու պարագայում անգամ մենք կարող ենք ունենալ արդարացումներ՝ թե ներպետական մակարդակում, թե միջազգային իրավական ատյանների որոշումների հիման վրա», - ասաց Կոստանյանը՝ նկատելով, որ խոսքն այս դեպքում կարող է վերաբերել նաև մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործին։
Նշենք, որ մարտի 1-ի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալներ են Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Վերջին երկուսին կալանավորել-չկալանավորելու վերաբերյալ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև հեռախոսազրույցը գաղտնալսվել էր ու հրապարակվել։ Որոշ շրջանակների պնդմամբ, պաշտոնատար անձանց կողմից ներգործություն է կատարվել արդար դաատքննությանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը կարծիք էր հայտնել, որ ԱԱԾ տնօրենի, վարչապետի կողմից ճնշման կամ միջամտության փորձ չի կարող լինել, այլ նրանք ուղղակի մտահոգված են եղել ընթացքով։