19/09/2018 19:33
Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն ուղղեց Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորեց հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկեց Հայաստանի և Իտալիայի օրհներգերով։
Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ջութակահար Հայկ Կազազյանը կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար՝ երաժիշտները դուետով նվագեցին Կոմիտասի «Կռունկ»-ը, որն անասելի տպավորություն թողեց ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։
Համերգը եզրափակվեց Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։
Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։