20/09/2018 15:33
Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց. Երգիչ Հրանտոն՝ ԱՄՆ-ի, ֆիլմում նկարահանվելու և օդաչու դառնալու ցանկության մասին
Շուրջ երկու տարի առաջ հայկական շոուբիզնեսում իր քայլերը սկսեց ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ երգիչ Հրանտոն: Բոլորովին վերջերս երգիչը հանդես եկավ երգահան Մարինա Թագակչյանի հետ նոր համագործակցությամբ՝ խոստովանելով, որ հենց այս՝ «Երևան» երգն իր երգացանկում ամենակարևորն է:
Aysor.am-ի հետ զրույցում Հրանտոն պատմեց ոչ այնքան դյուրին ճանապարհի, համագործակցությունների ընթացքում ծագած կոնֆլիկտների, ֆիլմում նկարահանվելու ու կյանքն ԱՄՆ-ում շարունակելու մասին: Ի դեպ, երչգիչն այսօր նաև նոր մասնագիտություն է ուսումնասիրում:
- Հրանտո, վերջերս հանրությանը ներկայացրեցիք Ձեր «Երևան» երգն, ու խոստովանեցիք, որ Ձեր երգացանկում այս երգն ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Ծնունդով Երևանի՞ց եք:
- Ոչ, իրականում ծնվել եմ ԱՄՆ-ում, և, իմիջայլոց, շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակում. երբ մայրս հղիության 6-րդ ամսում է եղել, ծնողներս մեկնել են ԱՄՆ՝ շրջագայության: Սակայն բնությունն իրենն արել է, հանկարծակի մայրս իրեն վատ է զգացել, տարել են հիվանդանոց ու ժամանակից շատ շուտ ես եմ ծնվել: Պատկերացրեք, կշիռս ընդամենը 800 գրամ է եղել: Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց: Բժիշկները ստիպված են եղել երկար ժամանակ ինձ պահել հատուկ կյուվեզի (ինկուբատոր՝ հեղ.) մեջ, որպեսզի կարողանան փրկել կյանքս:
- Ու այդ օրվանից Միացյալ Նահանգներո՞ւմ եք հաստատվել:
- Չէ, ամիսներ անց վերադարձել ենք Հայաստան, քանի որ երկու եղբայրներս Հայաստանում էին: Սակայն ճակատագիրը մեր ընտանիքին միշտ ճամփորդի կարգավիճակում է պահել. Երևան վերադառնալուց շատ չանցած մենք մեկնեցինք Ֆրանսիա, իսկ արդեն տարիներ անց ես միայնակ վերադարձա ԱՄՆ ու ինձ մոտ կանչեցի նաև ընտանիքիս: Հիմա մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, երբ մեր ընտանիքով վերջնականապես կտեղափոխվենք Հայաստան, քանի որ իմ ողջ մտքերն այդտեղ են, իմ ամենասիրելի քաղաքը Երևանն է, այդտեղ ես տանն եմ (ժպտում է՝ հեղ.):
- Այստեղ հիմա հարազատներ ունե՞ք:
- Իհրակե, հարազատներ ու ընկերներ շատ ունեմ այդտեղ: Հենց նրանց հանդեպ կարոտն էլ ինձ ամեն անգամ բերում է Հայաստան: Մենք միշտ կապի մեջ ենք, ինքս էլ նրանց հաճախ եմ հրավիրում ԱՄՆ:
- Հրանտո, նկատել եմ, որ Ձեր տեսահոլովակները Հայաստանում եք նկարահանում: Արդյոք այստեղ տեսահոլովակ նկարահանելն առավել մատչելի է:
- Բնավ մատչելիությունն ինձ համար առաջնային չէ, և կարող եմ վստահ ասել, որ այդքան էլ մատչելի չէ Երևանում տեսահոլովակ նկարահանելը: Առհասարակ՝ մեկ երգ ստեղծելը կլորիկ գումարների հետ է կապված: Բայց ինձ համար կարևոր է, որ հենց Երևանում իրականցնեմ աշխատանքներս, քանի որ, ինչպես վերևում նշեցի, այդտեղ ինձ լիարժեք եմ զգում:
- Սովորաբար, համագործակցում եք Մարինա Թագակչյանի հետ: Դա Ձե՞ր ընտրությունն է, թե՞ իր առաջարկը:
- Նախ ասեմ, որ համագործակցում եմ շատ հեղինակների հետ: Լիանա Թորոսյան, Ավետ Բարսեղյան, Նիկ Եգիբյան, Վահրամ Պետրոսյան. սրանք անուններ են, որոնց հետ աշխատել եմ և պատրաստվում եմ համագործակցություններիս շրջանակն ընդլայնել: Ինչ վերաբերվում է Մարինա Թագակչյանին, այո՛, նրա հետ, թերևս, ամենաշատն եմ աշխատել, ու պետք է ասեմ, որ մենք միշտ հաջող արդյունք ենք ունենում, ինչի համար միայն ուրախ եմ:
- Սակայն երբեմն այդ համագործակցությունը կոնֆլիկտներով է ուղեկցվում: Դա բարդացնո՞ւմ, թե՞ հետաքրքրացնում է աշխատանքը:
- Մարինայի հետ միշտ ամեն ինչ հետաքրքիր է ստացվում: Նա գրեթե չի սխալվում, շատ թեթև մարդ է ու իր գործի գիտակն է: Մենք ընկերներ ենք և կարող ենք աշխատանքային փոքրիկ անհաշտություններ ունենալ, բայց դրանք ևս ընկերական մթնոլորտում են լինում, և յուրաքանչյուր իրավիճակից կատակներով ենք դուրս գալիս:
- Նոր համագործակցություններ սպասվո՞ւմ են:
- Ստեղծագործողների հետ աշխատում եմ, բայց երգիչների հետ՝ ոչ, քանի որ առաջարկներ չեն լինում ո՛չ իմ, ո՛չ նրանց կողմից: Միայն Շպռոտի հետ դուետ ունենք, որն աշխատանքային փուլում է: Անշուշտ, նոր երգեր ու աշխատանքներ կլինեն և շատ շուտով, բայց նախընտրում եմ դրանց մասին խոսել արդեն իրականացնելուց հետո:
- Շատ երգիչներ սիրում են իրենց ուժերը նաև ֆիլմերում ու սիթքոմներում փորձել: Նման ցանկություն չի՞ առաջացել, կամ երբևէ առաջարկ չե՞ք ստացել:
- Իրականում, փոքր տարիքում Երևանում տասը տարի թատերական խմբակ եմ հաճախել և միշտ էլ սիրել եմ այդ ոլորտը: Ի դեպ, շատ լավ եմ հիշում ուսուցչուհուս՝ Արևիկ Սանթրոսյանին, ու շատ շնորհակալ եմ: Խոստովանեմ՝ շատ ռեժիսորներից եմ հրավերներ ստացել: Փոքր ժամանակ անգամ մեկ անգամ նկարահանվել եմ Միքայել Դովլաթյանի «Սողանք» ֆիլմում: Բոլորովին վերջերս էլ որպես դերասան նկարահանվեցի Շպռոտի և Տիգրան Ժամկոչյանի «Հետդ կգամ» տեսահոլովակում: Շատ ռեժիսորներից եմ լսել, որ տվյալներ ունեմ, բայց քանի որ հիմա երգից զատ նաև սովորում եմ, ժամանակս չի բավարարում այդ ոլորտում փորձեր անել:
- Իսկ որտե՞ղ եք սովորում:
- Հատուկ ավիացիոն դպրոցում՝ որպես բորտ-ուղեկցորդ, բայց արդեն իսկ մտադրություն ունեմ դառնալ օդաչու: Պետք է ասեմ, որ այս դպրոցում սովորելը շատ դժվար է, ուսանողները միշտ համազգեստով ու ճամպրուկով են, քանի որ յուրաքանչյուր պահի կարող ես հանդիպել որևէ ավիաընկերության աշխատակցի, ով եկել է քեզ հրավիրելու իրենց մոտ աշխատանքի: Էլ չասեմ, որ սովորելու ողջ ընթացքում տանից հեռու ես լինում (ժպտում է՝ հեղ.):
- Հաջորդ այցելությունը Հայաստան ե՞րբ կլինի:
- Ինձ մնար՝ հենց վաղն էլ կգայի, բայց քանի որ այստեղ շատ գործեր ունեմ և ուսումս պետք է շարունակեմ, պլանավորում եմ Հայաստան գալ Ամանորից հետո: