20/09/2018 12:49
Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել՝ խախտված համարելով նրա իրավունքները և պարտավորեցրել կառավարությանը վճարել 20 հազար եվրո
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։
Դատարանի կայքէջում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ մերժվել են Հայաստանի կառավարության առաջարկները և միևնույն ժամանակ արձանագրել, որ հայցվոր Սաղաթելյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրան կալանավորելը եղել է անօրինական և Սաղաթելյանին չի բացատրվել իրեն կալանավորելու օրինական հիմքերը։ Բացի այդ, ՄԻԵԴ վճռով կասկածի տակ է դրվել Սաղաթելյանի դատաքննության արդար լինել, չի հարգվել նրա ազատ արտահայտվելու իրավունքը
Այսպիսով, դատարանը գտել է որ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ և այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պարտավոր է հայցվորին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։
Այս վճռի վերաբերյալ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը նաև ՄԻԵԴ-ում տուժողի ներկայացուցիչն է, իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես, գրել է.
«Այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։
Հիշեցնենք՝ Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» և «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու կամ կրելու» մեջ: Ըստ մեղադրական եղրակացության` նա, պարբերաբար մասնակցելով 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, «մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու թաքնվել ամբոխի մեջ»։ Պարզվել էր նաև, որ Մուշեղ Սաղաթելյանն «ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ»:
2008 թ. հոկտեմբերի 23-ին մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։