20/09/2018 12:44
Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ. Արտակ Զեյնալյան
Այս ընտրություններով որոշակիորեն նշմարվելու են քաղաքական պատկերը, տրամադրություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության շուրջ կեսը և շատ բնական է, որ այստեղ փորձարկվելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները», - նշեց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ։
«Կա քաղաքական ճգնաժամ, որովհետև Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կամքը, կառավարությունը՝ արտահայտում է։ Այնինչ, գործադիր մարմինը պետք է ընտրվի ժողովրդի վստահությունը վայելող օրենսդիր մարմնի կողմից։ Մենք ևս մեկ անգամ հաստատում և պնդում ենք, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց Ա. Զեյնալյանը։