20/09/2018 09:57
«168 Ժամ». Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է. Փորձագետ
«ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, Կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն: Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները: Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է: Այս ընթացքում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար», - «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում վերջին օրերին առկա լարված իրադրությանը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: «ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա», - ասել է Եվսեևը:
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Որքանո՞վ են հիմնավոր ՀՀ իշխանությունների այս ակնկալիքները» հարցին Եվսեևը պատասխանել է.
«Հիմնավոր չեն, չեմ կարծում, որ կպահպանի: Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը: Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ ի օգուտ Հայաստանի»: