20/09/2018 13:55
Մի քիչ զարմանալի և կասկածելի է թվում՝ ինչու հենց Ամուլսարի վրա է ամեն ինչ ֆիքսվում. Բարդուխ Գաբրիելյան (Տեսանյութ)
ՀՀ կենսաբազմազանության խնդիրների, դրանց առաջացման վրա հանքարդյունաբերության պատճառների և հնարավոր լուծումների մասին Aysor.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ հանքարդյունաբերությունը պարունակում է որոշակի վտանգներ, բայց միևնույն ժամանակ ճիշտ չէ մերժողական դիրք գրավել, անհրաժեշտ է գտնել ուղիներ վտանգները մեղմացնելու և նվազագույնի հասցնելու համար:
«Մենք չպետք է գնանք այն ճանապարհով, որ ամեն ինչին ասենք չէ՝ առանց ոչ մի բան առաջարկելու, որովհետև մեր երկիրը չի կարող զարգանալ միայն ծիրան ծախելով, տուրիզմի կամ IT ոլորտի զարգացմամբ, մեզ անհրաժեշտ է տարբեր ոլորտների, այդ թվում՝ արդյունաբերության զարգացում, իսկ բացի հանքարդյունաբերությունից, այլ տեսակ արդյունաբերություն մենք չունենք», - ասաց նա:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվիստների և բնապահպանների ուշադրության կենտրոնում գտնվող Ամուլսարի հանքին, որը, նրանց պնդմամբ, պատճառ է հանդիսացել տարածքում գտնվող թիթեռի տեսակի և բուսատեսակներից մեկի վերացման, Գաբրիելյանն ասաց.
«Ինձ մի քիչ զարմանալի և կասկածելի է թվում, թե ինչու է հենց Ամուլսարի վրա ամեն ինչ ֆիքսվում: Ամուլսարը դեռ գործունությունը նույնիսկ չի սկսել, բայց արդեն նրա փակման մասին է խոսքը գնում: Եթե խոսքը գնար, օրինակ, հետագա քայլերի ու նորմատիվների պահպանման մասին, ես կհասկանայի, բայց ինձ թվում է՝ ավելի լոգիկային մոտ է, որ առաջինը խոսեն այն հանքերի փակման մասին, որ արդեն իսկ հանքարդյունաբերական գործունեություն են ծավալում, աղտոտում, քայքայում են բնությունը, հետո նոր խոսեն այն հանքերի մասին, որոնք դեռ չեն սկսել գործել, բայց ինչ-ինչ պատճառով ուշադրությունը սևեռվել է Ամուլսարի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ հետագայում պարզվել է՝ այդ տարածքը չէր կարող հանդիսանալ այդ տեսակի թիթեռի բնակավայր, որտեղ նա կարող է վերաարտադրվել, իսկ բույսի վերաբերյալ պարզվել է, որ այն Կարմիր գրքում գրանցված բույս չի եղել, մինդչեռ այս հերքման վերաբերյալ հետագայում չի տեղեկացվել:
Մանրամասները՝ տեսանյութում: