20/09/2018 13:19
ՀԱՊԿ-ի կողմից արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ մենք մեր գործառույթը չենք իրականացնում. ՀՀ արտգործնախարար
ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե նախօրեն հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն դեպքի վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չի եկել, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց.
«Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։
Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև՝ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից սպանված հայ զինծառայողի սպանությանը:
«Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։
Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։
Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։