21/09/2018 18:45
Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Անկախության 27 ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց, որ իրենց խնդիրն է արմատախիլ անել երկրում առկա կոռուպցիոն սխեմաները։
Նա մասնավորապես, իր ելույթում հայտարարեց. «Մեր երկիրը թևակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան և մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:
Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:
Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձևավորել անկախ և օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի և քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ և ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:
Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով և ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար:
Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո:
ԵՎ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության և համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող և խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային և տեխնոլոգիական երկրի»: