21/09/2018 15:18
Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել (Տեսանյութ)
Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը և Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.
«Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել և երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած և այսօր հետմահու պարգևատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի և Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության և ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:
Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ», - ասել է ՀՀ նախագահը։