21/09/2018 16:30
Հավերժ միտի՞նգ, թե համառ աշխատանք, ընտրությունը ձերն է լինելու. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրություններից առաջ ուղերձ է հղել իր ընտրողներին, որում ասվում է.
«Արդեն տևական ժամանակ է՝ մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում՝ հինը մերժել ենք, նորը ցավոք, դեռ չենք կարողանում ստեղծել։ Ու եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն էր, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Մերժելու համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները և փորձել այդ լարումը անընդհատ պահել գերէմոցիոնալ դաշտում։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել և հանդարտեցնել էմոցիաները։ Իսկ եթե դա չի արվում, այլ երկիրը շարունակումէ ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և այդպես էլ չստեղծվող նորի միջև։
Ցավոք, քարոզարշավի ընթացքում ամեն նչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու և քաղաքացուն մենք ենք ու մեր միտինգը դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու չտեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղղակի ջարդելու են մեր դուռը։ Այսօր արդեն ռմբակոծվում է Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Արենին։ Սա շատ լուրջ է»։
Նաիրա Զոհրաբյանը ուղերձում նաև հիշեցնում է, որ քարոզարավի սկզբից բանավեճի է հրավիրել իշխող կուսակցության թեկնածուին ու հավելել.
«Նա համառորեն խուսափեց, կարծում եմ, բոլորին հասկանալի պատճառով։ Փոխարենը նախընտրեց Հանրային հեռուստաընկերությամբ նախապես տեսաձայնագրված շոուն։ Հիմա ևս առաջարկն ուժի մեջ է, քարոզարշավի ավարտին մի քանի ժամ կա՝ միայն ուղիղ եթեր, բանավեճի օրակարգի ընտրությունը թողնում եմ իր վրա։ Վստահ եմ՝ չի գալու»։
Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր հաղթանակի դեպքում լավագույն մասնագետները ստանալու են հրավեր միասնաբար կառավարելու Երևանը։ Նա խոստանում է Երևանը դարձնել մաքուր, անվտանգ ու հարմարավետ քաղաք։ «Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է՝ հավերժ միտի՞նգ թե համառ աշխատանք։ Ընտրությունը ձերն է լինելու», - ուղերձը եզրափակել է թեկնածուն։