21/09/2018 12:06
Զորակցություն եմ հայտնում Նաիրա Զոհրաբյանին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում հիմա մարդիկ զգում են, որ ապրում են անկախ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում ենք և այդպես էլ կա, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց զգան անկախ, հպարտ երկրի քաղաքացի, այդ ճանապարհը հարթված չէ դեռ, պետք է միասին հարթենք», - ասաց ՀՀ վարչապետը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավի օրերն անցան սիրո և համերաշխության մթնոլորտում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Նորմալ է, ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։
«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքը պահելու համար», - ընդգծեց ՀՀ վարչապետը։