22/09/2018 19:46
Իրավապահների գործողությունները ուղղված են ընտրություններում որոշակի ելք ապահովելու որոշակի ուժերի համար. Գևորգ Պետրոսյան
Ոստիկանության աշխատակիցներն այսօր ստուգումներ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակներից մեկում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացրեցին, թե ոստիկաններն ասել են, որ տեղեկություններ կան, որ կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: Պատգամավորները ներկայացրեցին նաև, թե ինչպես էին ոստիկանները դեպքի վայրի զննություն իրականացնում:
«Ահազանգը դատավարական գործողություններ իրականացնելու հիմք է, իրենք պարտավոր են ապացուցել ահազանգի առկայությունը և կոնկրետ բովանդակությամբ ահազանգի առկայությունը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ոստիկանների վրա է մնում իրենց գործողությոնների հետագա պատասխանատվության ռիսկը:
«Սա ավելի շատ հետապնդման տպավորություն է, քանի որ ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ժամ և եթե ոստիկանությունը թեկուզ առանց իրավական հետևանքի մի քանի քաղաքացու էլ տանի հարցաքննի ու բաց թողնի, մարդկանց մոտ ձևավորվում է վախի զգացում, կանխորոշվում է վաղվա նրանց անելիքը: Մեր համակիրների մոտ վախի մթնոլորտ են ձևավորում, և նրանք, հնարավոր է, չմասնակցեն ընտրություններին: Այս ամեն ինչը նպատակաուղղված է մեր դիրքերը նսեմացնելուն, սա այլ անվանում չունի», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ընտրակաշառք բաժանելն այնպիսի հանցագործություն է, որը չի կարելի երևակայություններով, մերկապարանոց մեղադրանքներով բացահայտել:
«Ընտրակաշառք եթե բաժանվեր, գոնե այդ հարյուրավոր դեպքերից մեկում կբացահայտվեր: Պետք է լինի կոնկրետ առարկան, տվողը և վերցնողը: Դեպքի վայրի զննությամբ որևէ ընտրակաշառքի առարկա չի հայտնաբերվել, չկա տվող, չկա վերցնող: Թող հանրությունը դատողություններ անի քննչական մարմինների գործողությունների վերաբերյալ: Իրավապահ մարմինների գործողությունները ուղղված են ընտրություններում որոշակի ելք ապահովելու որոշակի ուժերի», - նշեց Գևորգ Պետրոսյանը: