22/09/2018 13:05
Հայաստանն ունի բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ. Արտգործնախարար
Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն Հայաստանի այն գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է հարուստ օրակարգ:
«Իհարկե, շատ ոգևորիչ է: Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է», - ասել է նախարարը:
Հարցին, թե հնարավո՞ր է արձանագրել, որ սկսվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ, Մնացականյանն ասել է. «Մեր հարաբերությունները շարունակական են: Մենք ունենք ընդլայնվող օրակարգ: Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը»: