22/09/2018 13:13
Պաշտոնական Երևանը դեմ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. ԱԳ նախարար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարը տեսնում է անհրաժեշտություն Մինսկի խմբի ձևաչափը փոխելու։
«Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան», -ասել է նախարարը:
Մյուս հարցին, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ այս հարցում որևէ առաջընթաց կա՞, նախարարը պատասխանել է.
«Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել»: