22/09/2018 14:28
Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր. Վանեցյանը նոր մարզչի անունը կհրապարակի մի քանի օրից (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր։
«Անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը։ Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ, չէի սպասում, որ ինքը հրաժարական կտա», - այսօր ընտրություններից հետո հայտարարեց Վանեցյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, իրենք հրաժարականի լուրն իմանալուց հետո արդեն սկսել են նոր մարզչի փնտրտուքները։ Ավելին, դիտարկում են նաև դրսից մարզիչ հրավիրելու հնարավորությունը։
«Արդեն իսկ կա մի քանի թեկնածու, որոնց անունները չեմ կարող հրապարակել։ Սպասենք և առաջիկա օրերին կներկայացնեմ նոր մարզչի անունը», - հայտարարեց Վանեցյանը։
Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանը հրաժարականի մասին հայտարարել էր երեկ։ «Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին», - ասել էր նա։