22/09/2018 14:21
Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Վանեցյան (Տեսանյութ)
Կարևորագույն սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է, ինչը նշանակում է, որ ֆուտբոլին որպես սոցիալական նախաձեռնության պիտի վերաբերվենք, իր ելույթում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերիացիայի նախագահի պաշտոնում առաջադրված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Հիշենք, թե առաջին հերթին ինչ է մեր կազմակերպության անվանումը: Այն կոչվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ոչ թե Հայաստանի ազգային հավաքականի կամ ակումբների ֆուտբոլի ֆեդերացիա, դա նշանակում է, որ ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է, վերջապես, դուրս գա Երևանից և գնա մարզեր», - նշեց նա:
Վանեցյանն ընդգծեց, որ իրենց տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել բոլոր ցանկացողների համար, սա ծախսատար է, բայց՝ հնարավոր:
«Մարզերում ֆուտբոլի զարգացման ծրագիրը լինելու է իմ ղեկավարծ կառույցի առաջնահերթություններից, ինչը չի նշանակում, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլ ու ազգային ակումբներում եղած խնդիրներն անտեսվելու են», - նշեց նա:
Վանեցյանն ասաց, որ ստեղծվելու է կոմիտե, որում բոլոր ակումբերը կունենան ներկայացուցիչներ ու նախնական փուլում կոմիտեն ամիսը մեկ անգամ կհավաքվի՝ քննարկելու ամենահրատապ հարցերը. «Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար»:
Իր խոսքում Վանեցյանն անդրադարձավ նաև ազգային հավաքականին՝ ընդգծելով, որ դժվար խնդիր է լինելու փոխել կարծրատիպը, երբ ֆեդերացիայի գործունեությունը գնահատվում է հավաքականի և ակումների գրանցած արդյունքներով: Նա նաև նկատեց, որ քայլեր են իրականացվելու կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման համար: