22/09/2018 13:50
Երգիչ Վարդան Բարսեղյանն այսուհետ կաշխատի որպես լրագրող Հանրային հեռուստաընկերությունում
Երգիչ Վարդան Բարսեղյանն այսուհետ իր գործունեությունը կշարունակի նաև Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց անձամբ երգիչը՝ խոստովանելով, որ այս հեռուստաընկերությունում աշխատելը մշտապես իր համար երազանք է եղել:
«Պատահաբար հանդիպեցի մի գրառման, որտեղ նշված էր, որ Հանրայինը փնտրում է լրագրողներ, ու որոշեցի օգտվել տրված հնարավորությունից։ Այսօր արդեն հնարավորություն ունեմ աշխատելու իմ երազանքների հեռուստաընկերությունում։ Աշխատելու եմ «Եկենք խոսենք» սոցիալական հաղորդման շրջանակներում՝ որպես լրագրող», - նշեց նա:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ թեև հանրությունն իրեն որպես երգիչ է ճանաչում, բայց երգն իր համար ընդամենը հոբբի է, մասնագիտությամբ ինքը լրագրող-հաղորդավար է: Այժմ էլ պատրաստվում է համատեղել այդ երկուսը:
«Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրություն բաժնի մագիստրատուրան, նաև՝ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը։ Սակայն մեկը մյուսին չի խանգարում։ Շուտով երաժշտական ասպարեզում ևս կլինեն նորություններ. նոր երգ եմ պատրաստում: Այնպես որ, երաժշտական ասպարեզից չեմ պատրաստվում հեռանալ, ուղղակի որոշ ժամանակ կտրամադրեմ արդեն իմ առաջին մասնագիտությանը», - մանրամասնեց երգիչը:
Ամիսներ առաջ Վարդան Բարսեղյանը հաճախ էր ակնարկում երկրից հեռանալու մասին՝ մտածելով մասնագիտական ուղին դրսում կատարելագործել: Հարցին՝ այլևս չի՞ պատրաստվում հեռանալ հայրենիքից, պատասխանեց.
«Չեմ թաքցնի՝ Հայասատնից հեռանալու մտքեր երբեմն լինում են, բայց մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպեցին վերջնական որոշում կայացնել և մնալ այստեղ՝ իմ հայրենիքում։ Սակայն դրսից համերգային հրավերներին սիրով եմ արձագանքում»:
Զրույցի վերջում առիթն օգտագործելով՝ լրագրող-երգիչն իր շնորհավորական խոսքն ուղղեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ուզում եմ շնորհավորել մեր երկրին ու մեր քաղաքացիներին: Ցանկանում եմ, որ մեր սահմանները միշտ լինեն ամուր, մեր զինվորներն էլ խաղաղ ու անփորձանք ծառայեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Բարսեղյանը: