23/09/2018 11:08
Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն իր դեմ Վանեցյանի մոտ ժպիտ է առաջացնում
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է իր նկատմամբ ՀՀ 2-րդ նախագահի որդու կողմից դատարան հայց ներկայացնելուն:
«Ես կժպտամ այդ առիթով։ Դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել դատարան:
Հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել, իսկ թե ինչն է պահանջել հերքել, դեռևս չհաջողվեց պարզել։ ԱԱԾ տնօրենը գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո կազմակերպված ասուլիսում հայտարարել էր, որ կոռուպցիոն գործողությունների արդյունքում Քոչարյանները տիրացել են «Կոնգրես» հյուրանոցին։
Սակայն ավելի ուշ ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ էր կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք:
«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված», - հայտարարել էր Վանեցյանը: