23/09/2018 17:53
Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընտրություններին մարդկանց մասնակցությունը պասիվ է, քանի որ «գազելներով» նրանց չեն բերում ընտրատեղամասեր, ինչպես անում էր նախկին իշխանությունը։
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։
Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը։
Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է», - ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Աշոտյանը։
«Կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից», - այսօր ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշնյանը։