23/09/2018 10:16
Ուսումնասիրության մեջ է, հենց բան լինի, կասենք. Ոստիկանապետը՝ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին
Ոստիկանության բոլոր գործողությունները բխել են օրենքից, այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանn՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանն ու առգրավումներին։
«Ոստիկանները գործել են օրենքով։ Այս պահին քննությունը ընթացքի մեջ է, և դրա մասին մենք տեղյակ կպահենք հանրությանը», -ասաց Օսիպյանը։
Հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ ԲՀԿ-ի ընտրական շտաբներում ընտրակաշառք է բաժանվում, Օսիպյանը պատասխանեց. «Այդ հարցն ընթացքի մեջ է, հենց որևէ բան լինի, կասենք»։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները սին են, ոստիկանապետը ասաց.
«Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին։ Ոստիկանությունը տիրապետում է Հայաստանի Հանրապետության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը տեղի է ունենում ֆեյսբուքում մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պատադիր ուսումնասիրություն է իրականացնում։ Ի՞նչ է նշանակում, չգնա՞ այդ ահազանգի հետքերով»։
Ընդհանուր առմամբ, ոստիկանապետը, ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատել, ընտրախախտումներ չեն արձանագրվել։