23/09/2018 13:49
Հայկ Մարությանը շնորհավորեց լրագրողներին (Տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինիքի թեկնածու Հայկ Մարությանը այսօր լրագրողներին մոտեցավ շնորհավորանքով։ Երբ հարցրին՝ ինչի կապակցությամբ, թեկնածուն պատասխանեց. «Վերջին տասնամյակների ընթացքում ազատ ու արդար ընտրությունների կապակցությամբ»։
Լրագրողը նկատեց, որ արդեն իսկ ընտրախախտումների մասին ահազանգեր են արձանագրել դիտորդական կազմակերպությունները։ Հայկ Մարությանը, սակայն, դրան հստակ չարձագանքեց, ասելով. «Դիմեք շտաբի պետին»։
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ իր օգտին քվեարկելու են Հայկ Մարության անձի համա՞ր, թե՞ նրա համար, որ իրեն պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեկնածուն պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, բոլորը քվեարկում են թիմին»։
Մարությանը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, թե իր նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի՝ քարոզարշավին մասնակցելը վարչական ռեսուրսի օգտագործում է։
«Վարչապետը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, և իրավունք ունի մասնակցելու քարոզչական գործընթացին», - շեշտեց նա։
Մարությանն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ։
«Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր համագործակցության։ Իմ ու մեր թիմի համար ամենագլխավոր նպատակը մեր Երևանը կառուցելն ու մեր երազանքների քաղաքը կառուցելն է։ Թե դա ինչ ճանապարհով կլինի, այս պահին կարևոր չէ», - ասաց Մարությանը։