23/09/2018 10:04
ԱԺ նախագահն ունեցել է նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկությունից հետո հայտարարեց, թե քվեարկել է հանուն Երևանի զարգացման։
Ինչ վերաբերում է ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին, նա ասաց, որ երբեմն նկատել է դեպքեր, երբ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել։
«Հուսով եմ կամաց-կամաց մենք ավելի առաջ կգնանք, և ժողովրդավարությունը ավելի կամրապնդվի», - այսօր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քվեարկելով իրենց դաշինքի օգտին, քվեարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, Բաբլոյանն ասաց, որ դրանք միմյանց հետ որևէ կապ չունեն։
Հարցին, թե ո՞ւմ օգտին քվեարկեց ԱԺ նախագահը, Բաբլոյանը պատասխանեց. «Ձեր հարցը կոռեկտ չէ»։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱԺ նախագահն ուներ նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է, Բաբլոյանը արձագանքեց. «Այո՛, կար, չի կարելի ասել, որ բոլորին դեմ ես քվեարկել»։