23/09/2018 21:08
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 43.65 տոկոսը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացուց մասնակցել է 370 323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65 տոկոսը, ամփոփելով ընտրությանը նախնական մասնակցության արդյունքները՝ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ Երևանում այսօր անցկացվում էին ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ 4 կուսակցությունների դաշինք և 8 կուսակցություն: Ընտրվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն 6 տոկոսից ավելի ձայն, դաշինքները՝ 8 տոկոս։
Երևանում գործել է ընդհանուր թվով 475 ընտրատեղամաս: Ընտրությունները մեկնարկել են առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվել 20:00-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 8 տեղական և 1 միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:
Ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարը ծավալվելու է «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լույս» դաշինքի միջև:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր նաև 12 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում գրանցված մուտքերի և ծախսերի մասին տեղեկատվությունը: