23/09/2018 10:18
Չի լինելու ընտրակաշառք, հարգելի, սիրելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ. Նաիրա Զոհրաբյանը՝ Վալերի Օսիպյանին (Տեսանյութ)
Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ, այսօր ընտրատեղամասում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Այսօր դիմելու ենք վարչական դատարան՝ Դանիել Իոննիսյանի գործողությունները վիճարկելու համար։ Քանի որ ապրում ենք նոր Հայաստանում, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու։ Այն, ինչ ասում էր Դանիել Իոննիսյանը, անհասկանալի իրավական ձևակերպում էր, և մեր իրավաբանները նրա դեմ պատրաստում են վարչական վարույթ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակներից մեկում ոստիկանների իրականացրած ստուգումներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Քարոզչության 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով մեր 300-ից ավելի ակտիվիստները պարբերաբար հրավիրվել են Երևանի վարչական շրջանների տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Որևէ ահազանգ չի հաստատվել։ 12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, ով ընտրակաշառք է բաժանել, և չեն էլ կարող, մեկ պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք։ Չի լինելու ընտրակաշառք, հարգելի, սիրելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ»։