24/09/2018 11:30
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ նշելով, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը:
«Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ», - ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի` անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: «Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - շեշտել է վարչապետը: