25/09/2018 19:30
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ, հայտնում են ԱԺ-ից։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացման առավել ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամության խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առևտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ:
Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև և գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:
Որպես Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարևորության մասին:
Հանդիպման ավարտին կողմերն առկա բարենպաստ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: