25/09/2018 15:17
Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ. Գարեգին Բ
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, ինչպես նաև Սփյուռքում գործող տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրված սրբությունների և արվեստի գործերի մեծ մասը դարերի ընթացքում ստեղծվել և պահպանվել է Հայոց Եկեղեցու կողմից։
Պաշտոնական ընդունելության ընթացքում Նորին Սրբությունն առանձնազրույց ունեցավ թանգարանի ղեկավարության և «Հայաստա՛ն» ցուցահանդեսի հիմնական համադրող դոկտ. Հելեն Էվանսի հետ, որոնց փոխանցեց իր գնահատանքը հիանալի ցուցահանդեսի կազմակերպման համար։
Գարեգին Բ Կաթողիկոսն իր շնորհակալական խոսքն ասաց նաև ցուցահանդեսին աջակցություն բերած բարերար հայորդիներին և ազգային-եկեղեցական հաստատությունների ներկայացուցիչներին:
Կազմակերպիչների խոսքով, ցուցահանդեսը մասունքարանների, մանրանկարներով զարդարուն ձեռագրերի, եզակի գործվածքների, խաչքարերի, արժեքավոր եկեղեցական զգեստների և հնատիպ գրքերի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՛ս են հայերը զարգացրել իրենց քրիստոնեական ինքնությունը, որը դարեր շարունակ շաղկապել է աշխարհասփյուռ հայ համայնքներին:
Բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու պատգամը բերեց միջոցառման մասնակիցներին` մասնավորապես նշելով.
«...Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները և քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձևավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ի՛նչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը և ի՛նչն է առավել շատ կարևորել ու փայփայել: …Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։ Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։
Ելույթի ավարտին Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր դասը առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանի, Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հայ ազգային բարերարներ, Նյու Յորքի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը հնարավոր է դարձել «Հակոբ Գևորգյան հիմնադրամի» աջակցությամբ։ Հավելյալ աջակցություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեյլ հիմնադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գյորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր և Աննա Հովնանյաններ հիմնադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյանների ընտանիքը, Արվեստների Ռեդդոք հիմնադրամը, Քուլհաջյան ընտանիքը և Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը և Արվեստների ազգային հիմնադրամը։
«Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ասո Օ. Թավիթյանի հրավերով հյուրընկալվեցին պաշտոնական ընթրիքի, որին մասնակցում էին նաև Նյու Յորքի այլ խոշոր համայնքների կրոնական առաջնորդները, որոնց թվում Կաթոլիկ Եկեղեցու կարդինալ Թիմոթի Դոլանը և ԱՄՆ-ի Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Դեմիտրիոս արքեպիսկոպոսը։