25/09/2018 12:12
Փաստաբանը հերքում է՝ Արա Վարդանյանին 2 հոդվածով մեղադրանք չի առաջադրվել
Իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Իրականում Արա Վարդանյանը դեռ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք կատարելու համար, իսկ խափանման միջոց է ընտրված գրավը։ Նախաքննությունը շարունակվում է», - նշել է Վարոսյանը։
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։
Ըստ տարածված տեղեկատվության՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (խարդախություն): Նա ունի մեղադրյալի կարգավիճակ: Վերջինիս նկատմամբ, ըստ տեղեկատվության, խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին։