26/09/2018 17:35
Թուրքմենստանի նախագահը չեղարկել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղի անվճար սպառումը
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի լինելու էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի և աղի անվճար տրամադրում, հայտնել է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:
«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին և 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը էլեկտրաէներգիայով, գազով, խմելաջրով և կերակրի աղով ապահովել վճարովի հիման վրա՝ արտոնյալ գներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, հանրապետությունում էլեկտրականությունը, գազը և ջուրն անվճար էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում էր խորհրդանշական:
Բնակչության համար բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովի կողմից: