27/09/2018 16:55
Պետությանը պատճառվել է 409 միլիոն 189 հազար 144 դրամի վնաս. Զինդատախազությունն ամփոփել է ԶՈւ-ում բացահայտված կոռուպցիոն դեպքերը
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264.134.234 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 62.326.191 ՀՀ դրամը: Համեմատության համար հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82.287.428 դրամ, որից վերականգնվել է 29.622.074 դրամը։
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։
Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176.945.486 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.915.618 դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.853.807 ՀՀ դրամը, իսկ մնացած 173.091.679 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։
Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.777.100 ՀՀ դրամ։
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի, և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հատկանշկան է, որ եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։
Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409,916,124 ՀՀ դրամի նյութական վնաս (այդ թվում 409,189,144 ՀՀ դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406,315,516 ՀՀ դրամը (այդ թվում 405,589,336 ՀՀ դրամ՝ պետությանը):
Հարկ է ընդգծել, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.564.009 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.415.679 ՀՀ դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից: