27/09/2018 12:39
Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի շնորհիվ էր, որ կարողացանք նոր որակի դնել իրավապաշտպան աշխատանքը. Արման Թաթոյան
Ամեն ինչ պետք է անել Արցախը՝ ժողովրդավարության տեսանկյունից, աշխարհին ճանաչելի դարձնելու համար, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի շնորհիվ էր, որ մենք միջազգային ասպարեզում ներկայացրեցինք, ունեցանք նաև ասուլիսներ եվրոպական երկրներում։ Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց կապ չունի։ Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է», - ասաց Արման Թաթոյանը։
Անդրադառնալով Արցախի ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրաժարականին՝ Արման Թաթոյանը հրաժարվեց նշել հնարավոր պատճառներ՝ լրագրողներին հորդորելով այդ մասին հարցնել հենց Մելիքյանին։
Արման Թաթոյանն ասաց՝ ցավում է, որ միջազգային կազմակերպությունները դրսևորում են միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում Արցախի բնակչության հանդեպ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարցերը։