27/09/2018 09:25
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը. ԱԳՆ
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել: ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։
Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։